Ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները Ռուսաստանի դեմ մի կարեւոր ֆինանսական պատժամիջոց են պահում պահեստում՝ որոշելով չհանել նրան գլոբալ ֆինանսական տրանզակցիաների համակարգից՝ SWIFT-ից, գրում է Associated Press-ը։

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում բազմաթիվ պատժամիջոցների պատճառ է դարձել, որոնք ՌԴ-ի դեմ մտցրել են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը։

Բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով SWIFT-ից Ռուսաստանին բացառելու մասին, նշել է, որ «չնայած դա միշտ որպես տարբերակ է մնում, բայց հիմա Ռուսաստանին այդ համակարգից բացառելն այն դիրքորոշումը չէ, որը ցանկանում է որդեգրել մնացյալ Եվրոպան»։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «մտցվող պատժամիջոցներն ավելի կոշտ կլինեն»։

«Պատժամիջոցները, որոնք մենք մտցրել ենք, դուրս են SWIFT-ի շրջանակներից»,- ասել է Բայդենը՝ հինգշաբթի պատասխանելով դրա վերաբերյալ հարցին։ «Եկեք խոսենք մեկ ամիս հետո կամ գոնե մոտավորապես այդ ժամանակ, որպեսզի տեսնենք՝ գործո՞ւմ են դրանք, թե՞ ոչ»։

Այնուամենայնիվ, եվրոպացի որոշ ղեկավարներ, այդ թվում եւ Մեծ Բրիտանիայում, կողմ են, որպեսզի հավելյալ քայլ արվի. հանել Ռուսաստանը SWIFT-ից։

Ուկրաինան նույնպես ձգտում է, որպեսզի Ռուսաստանը հանվի SWIFT-ից, բայց եվրոպացի որոշ ղեկավարներ նախընտրում են չկորցնել համբերությունը, քանի որ արգելքը կարող է դժվարացնել միջազգային առեւտուրը եւ վնաս հասցնել իրենց տնտեսություններին։

Ինչպես նշում է Немецкая волна»-ն, https://www.dw.com/ «ԵՄ որոշ երկրներ զգուշանում են SWIFT վճարային համակարգից Ռուսաստանի բացառման հետեւանքներից։ Բացի այդ, մի շարք երկրներ դեմ են, որպեսզի Ուկրաինա ներխուժման պատճառով մտցվող պատժամիջոցները վերաբերեն ռուսական գազի ու նավթի մատակարարումներին։

Ինչպես ուրբաթ տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Հեբեշթրայտը, այս կարծիքին են Իտալիան եւ Ֆրանսիան՝ կարծելով, որ դրա իրականացումը տեխնիկապես բարդ է, այն երկարատեւ պատրաստություն կպահանջի, իսկ հետեւանքները զգալի կլինեն Եվրոպայում։

Միեւնույն ժամանակ, Հեբեշթրայտի խոսքով՝ ԵՄ որոշ պետություններ դեմ են Ռուսաստանի դեմ նավթի եւ գազի մատակարարումների հետ կապված որեւէ պատժամիջոց մտցնելուն, քանի որ այդ մատակարարումները չեն կարող անմիջապես փոխարինվել։