Շատ հնարավոր է, որ առաջանա Ուկրաինան բաժանելու հարց: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառաության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Ուկրաինայում աղետ է, եւ դրա մասշտաբները դեռեւս անհնար է կանխատեսել: Նախկին Ուկրաինան այլեւս չի լինի: Աշխարհն արդեն փոխվել է, Եվրոպան փոխվել է ու շարունակում է փոխվել անորոշության բարձր աստիճանով: Այսպես կոչված միջազգային իրավունքը գոյություն չունի, այն չի գործում: Ռուսաստանն ասում է, որ համակարգերը, որոնք ստեղծված էին Յալթայում ու Պոտսդամում (1945թ.-խմբ.), գոյություն չունեն, եւ առաջարկում է պայմանավորվածություն ձեռքբերել: Ռուսաստանը նոր Յալթա է ցանկանում, եւ դեմ չի լինի, եթե անգամ ռազմական գործողություններն Ուկրաինայում չդադարեն»,-նշել է նա:

Առաջիկա օրերի ընթացքում ռազմական գործողությունների ընթացքը, Շահնազարյանի գնահատմամբ, կունենա կարեւորագույն նշանակություն:

«Ե՞րբ Կիեւն անկում կապրի, ինչպե՞ս, կլինե՞ն արդյոք փողոցային մարտեր: Սակայն, եթե անգամ Ռուսաստանն Ուկրաինայի հետ համաձայնության գան ինչ-որ հարցերի շուրջ, ապա Արեւմուտքի հետ Մոսկվայի հակազդությունը կշարունակվի դեռեւս տեւական ժամանակ»,-ասել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցողը Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ սուր լարվածության, Ռուսաստանի նկատմամբ շարունակական պատժամիջոցների հետեւանք է:

«2021թ. դեկտեմբերին Ռուսաստանն այդ լարվածությանը նոր զարգացում է հաղորդել՝ Արեւմուտքին ներկայացնելով պայմաններ, որոնք կապված են Ուկրաինայի ու Վրաստանի հետ, որոնք արհամարհվել են Արեւմուտքի կողմից: Իրավիճակը սրվել էր մի քանի շաբաթ առաջ, երբ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է միջուկային պետություն դառնա:

Այդ քայլերի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը, ստորագրել նրանց հետ համաձայնագրեր, որից հետո սկսվել են ներկայիս գործողությունները: Ռուսաստանին չեն լսել, արդյունքում Ուկրաինան դարձել է Ռուսաստան-Արեւմուտք բախման վայրը:

Ուկրաինական ռեժիմը հաճախ է ներկայանում հակասական հայտարարություններով՝ սխալ գնահատելով իրավիճակը: Այստեղ ես տեսնում եմ շատ զուգահեռներ Զելենսկիի եւ Հայաստանի իշխանությունների վարքի միջեւ:

Երեկ առավոտյան Զելենսկին հայտարարել էր հակառուսական կոալիցիա ստեղծելու առաջարկի մասին, այնուհետեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամների հետ ու ասել, որ հօգուտ Ուկրաինայի ոչ ոք չի պայքարի, եւ ՆԱՏՕ-ի կազմում նույնպես չեն ներառի: Ավելի ուշ հայտարարել էր Մոսկվայի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ո՞ր Ուկրաինայի մասին է խոսքը, ո՞ր քարտեզում ներկայացված:

ՆԱՏՕ-ի բոլոր անդամները բազմիցս հայտարարել են, որ չեն պատերազմի հօգուտ Ուկրաինայի, սակայն Ռուսաստանին դա բավարար չէր:

ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական շահերից մեկը Եվրոպայից ՌԴ-ին քաղաքական եւ տնտեսական առումով հեռացնելն էր: Մյուս շահը՝ Եվրոպայում ամերիկյան հեղուկ գազի մասնաբաժնի ավելացումն էր, ինչն արվել էր: Սակայն, այնուամենայնիվ, առանց ռուսական գազի Եվրոպան չի բավարարվի, ուստի դա է էներգետիկ ոլորտում պատժամիջոցների բացակայության պատճառը»,-ընդգծել է Դավիթ Շահնազարյանը: