Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնվում է Կիեւում: Նրա հետ են նախագահի գրասենյակի աշխատակիցները, վարչապետը, «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Գտնվում է Կիեւում, կատարում է շուրջօրյա աշխատանք, հանդիպումներ են անցկացվում երկրի ղեկավարության, կառավարության, պատգամավորների հետ: Իրականացվում են նաեւ խորհրդակցություններ համաշխարհային առաջնորդների հետ»,-ասել է Պոդոլյակը:
Վլադիմիր Զելենսկին նաեւ տեսանյութ է հրապարակել նախագահի գրասենյակի հարեւանությամբ գտնվող հրապարակից: Նա նշել է, որ մյուս պաշտոնյաների հետ միասին գտնվում է Կիեւում Ուկրաինան պաշտպանելու համար:
«Բարի երեկո: Խմբակցության առաջնորդը, նախագահի գրասենյակի ղեկավարը, վարչապետ Շմիգալը, Պոդոլյակն այստեղ են, նախագահն այստեղ է: Մենք բոլորս այստեղ ենք: Մեր զինվորականներն այստեղ են: Քաղաքացիները, հասարակությունն այստեղ է: Պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը: Փառք մեր պաշտպաններին: Փառք Ուկրաինային»,-ասել է Զելենսկին:





























