Ուրբաթ՝ փետրվարի 25-ին, Բրյուսելում կայացած ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի արդյունքում Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներառվել են պատժամիջոցների ցանկում, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

ԵՄ խորհուրդը նիստի ժամանակ հաստատել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքով:

Գերմանիայի ԱԳՆ Անալենա Բերբոքը հայտնել է, որ Եվրամիությունը սահմանում է կոշտ պատժամիջոցներ ընդդեմ Պուտինի եւ ՌԴ ԱԳՆ Լավրովի:

«Եվրամիությունը մշակել է տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների փաթեթ, ինչպես նաեւ պատժիչ միջոցառումներ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում մարդկանց նկատմամբ այդ սարսափի համար: Դա կկործանի Ռուսաստանը»,-հայտարարել է նա ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի շրջանակում:

«Մենք հարված ենք հասցնում Պուտինի համակարգի ուղղությամբ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Ոչ միայն տնտեսական կամ ֆինանսական ոլորտի, այլ նաեւ իշխանության ուղղությամբ: Ուստի մենք ներառել են պատժամիջոցների ցանկում ոչ միայն օլիգարխներին եւ խորհրդարանի մեծ թվով պատգամավորներին, այլ նաեւ նախագահ Պուտինին ու արտաքին գործերի նախարար Լավրովին»,-պարզաբանել է Բերբոքը՝ նշելով, որ «այդ երկու գործիչները պատասխանատվություն են կրում Ուկրաինայում անմեղ մարդկանց մահվան եւ միջազգային համակարգը ոտնահարելու համար»:

Անալենա Բերբոքը նաեւ պարզաբանաել է, թե ինչու SWIFT միջազգային վճարային համակարգից Ռուսաստանի բացառումը դեռեւս չի նախատեսվում:

«Իրանի փորձը ցույց է տվել, որ SWIFT համակարգից բացառումն ունի չափազանց լայն հետեւանքներ՝ ի տարբերություն թիրախային պատժամիջոցների ընդդեմ կոնկրետ բանկերի: Արդյունքում մենք, օրինակ, զրկվել ենք հումանիտար նախագծերը ֆինանսավորելու հնարավորությունից»,-ասել է նա:

Բերբոքի խոսքով՝ Ռուսաստանին SWIFT համակարգից բացառումը կարող է բացասաբար ազդել նաեւ արտերկում բնակվող ռուսների վրա, որոնք գումար են ուղարկել Ռուսաստանում գտնվող իրենց ազգականներին: Միեւնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարը չի բացառել հետագայում ՌԴ-ին SWIFT համակարգից բացառելու հնարավորությունը, երբ կչեղարկվի «ավելորդ կողմնակի ազդեցությունը»: