Ուկրաինան հրաժարվել է կրկին միանալ ռուսական եւ բելառուսական էներգացանցերին երեք օրվա ընթացքում մեկուսացված ռեժիմի հաջող անցնելուց հետո: Այս մասին Facebook-ում հայտնել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, փոխանցում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
Նա նշել է, որ երկրի էներգահամակարգը ռուսական եւ բելառուսական էներգահամակարգերից մեկուսացված ռեժիմով աշխատանքի թեստային փորձարկում է անցկացրել։
«Փետրվարի 24-26-ին ուկրաինական էներգահամակարգի ինքնավար աշխատանքը հաջող է անցել եւ ապացուցել է մեկուսացված ռեժիմով աշխատելու ունակությունը», - ասել է նա։
Ուկրաինայի էներգահամակարգի վերադարձը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միավորված ցանց փորձարկումներից հետո պլանավորված էր փետրվարի 27-ին։
«Այսօր ստորագրվել է Էներգետիկայի նախարարության հրամանը՝ ռուսական զավթիչների էներգացանցին միանալուց հրաժարվելու մասին։ Ես մտադիր եմ դիմել եվրոպական երկրների էներգետիկայի նախարարներին՝ ուկրաինական էներգահամակարգը եվրոպականին միացնելու մասին որոշման ընդունումը արագացնելու խնդրանքով», - գրել է նախարարը։
«Մենք Եվրոպայից քայլ առաջ ենք ակնկալում։ Սակայն վստահ ենք մեր ուժերին եւ ուկրաինացիներին կայուն էներգամատակարարում ապահովելու ունակությանը՝ չնայած սինքրոնացման ժամկետների պլանավորվածությանը կամ արագացմանը», - նշել Է Էներգետիկայի նախարարը։




























