Վարչապետ Տիգրան Սարգսյանը կլինի այն խոշոր զոհաբերությունը, որը Սերժ Սարգսյանը կտա հարմար պահի: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը: Անդրադառնալով վարչապետի` «շախմատային լեզվով ասած ֆիգուրին»` Արամ Հարությունյանը նշեց, որ նա մեր երկրին 75 անգամ ավելի վնաս է տվել, քան Ճապոնիայի երկրաշարժը` այդ երկրի տնտեսությանը, որովհետեւ, նրա խոսքով, եթե մենք ունեցել ենք 14 տոկոսի տնտեսական անկում, ապա երկրաշարժը Ճապոնիայում 0,2 տոկոսի տնտեսական անկում է առաջ բերել:
«Խելոք մարդը ո՞րն է, որ լավ մտքե՞ր է արտահայտում, դա մեր քաղաքացուն օգուտ տալի՞ս է: Խելոք շատ մարդ կա, ինքը վատ վարչապետ է»,- ասաց Արամ Հարությունյանը:
NEWS.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ վարչապետի պաշտոնում նշանակվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նա նշեց, որ ՀԱԿ-ը դեմ չի լինի դրան, քանի որ նա եղել է ՀՀՇ անդամ: «1995թ, երբ ես եւ Հովիկ Աբրահամյանը նույն ընտրատարածքում առաջադրված էինք պատգամավորության թեկնածու, Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ` Կարապետ Ռուբինյանը գովերգում էր Հովիկ Աբրահամյանին: Երբ մենք սուր ելույթներ ունեցանք այնտեղ, մեր մեքենան ձերբակալվեց»,- նշեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ այսօր այդ պաշտոնում անհրաժեշտ է մեկը, ով կվերցնի պատասխանատվություն, չի լինի պոպուլիստ եւ չի բավարարվի ցիտատներ բերելով:




























