Կիրակի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում դեռեւս պատերազմ չէ, այլ հակամարտություն է, սակայն, եթե դա չդադարեցվի, ապա երեք օր անց կվերածվի «մսաղացի», հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Ես անգամ այժմ այն չէի անվանի պատերազմ, դա հակամարտություն է: Իսկ մեկ կամ երկու օր անց՝ կվերածվի պատերազմի, իսկ երեք օրից՝ մսաղացի»,-նշել է նա:
Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել է Ուկրաինայի՝ ՌԴ-ի հետ Գոմելում հանդիպելու մերժումը՝ նշելով, որ դա նրանց ընտրությունն է: Նա խորհուրդ է տվել Ուկրաինային «խնդիրները Մինսկին չվերագրել: ՌԴ գործողության մեջ Մինսկի դերը կայանում է ռուսների «մեջքին հարվածելը» կանխարգելելու մեջ՝ հավելելով, որ Բելառուսի տարածքից հրթիռներ չեն արձակվում Ուկրաինայի ուղղությամբ. դրա անհրաժեշտությունը չկա: Նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում բելառուսցի զինվորներ չկան:
Լուկաշենկոն հայտնել է, որ ուկրաինական էլիտայի ներկայացուցիչները խնդրել են նրան զանգահարել Զելենսկիին եւ ասել, որ վերջինս կանգ առնի:
«Դե, անխոհեմ է, չի հասկանում, մենք ձեզ խնդրում ենք, զանգահարեք հիմա Զելենսկիին, ասեք նրան, որպեսզի կանգ առնի: Լավ, կզանգահարեմ: Սակայն հազիվ թե դա ինչ-որ ազդեցություն կգործի»,-ասել է նա լրագրողներին:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսելով՝ Լուկաշենկոն նշել է, որ Արեւմուտքը պատժամիջոցներով ՌԴ-ին հրահրում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմը: Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցների նկատմամբ Մինսկի եւ Մոսկվայի պատասխանը կլինի շոշափելի:
«Արեւմուտքի պատժամիջոցներին պատասխանելու մեխանիզմը գործում է, Մինսկը կզարգացնի այն»,-եզրափակել է նա:





























