Հայաստանի զորահանդեսը ոչնչով չի զիջելու Ադրբեջանի զորահանդեսին: Այսօր` հուլիսի 23-ին Բյուրականում` «Բազե» ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստան պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ճամբարականներից մեկի` Արմավիրի ջոկատը ներկայացնող Աննա Բարսեղյանի հարցին, թե վերջերս Ադրբեջանում անցկացված զորահանդես ոչ թե զորահանդես էր, այլ ցուցահանդես, Տոնոյանը պատասխանել է. «Ցանկացած զորահանդես ուժի, հզորության, կարողությունների ցուցադրում է։ Երբ Ադրբեջանի զորահանդեսը դիտարկում ենք զուտ մասնագիտական առումով, այն հետաքրքրություն չի ներկայացնում։ Այն բոլոր կարողությունները, որ ցուցադրվել են, հայտնի են եղել։ Դրանց համարժեք բոլոր հնարավորություններն ու կարողությունները մենք ունենք։ Ընդհանրապես մեր ռազմավարական վերանայման անցկացման պատճառներից մեկն այն էր, որ քանակական փոփոխություններից անցնենք որակական փոփոխությունների, որպեսզի մենք սովորենք ավելի խելացի արձագանքել այն ամենին, ինչ Ադրբեջանը փորձում է քանակական առավելությամբ հոգեբանորեն ազդել մեզ վրա։ Մեր երիտասարդները պետք է զերծ մնան տեղեկատվական գրոհներից»։
Պաշտպանության փոխնախարարը ճամբարի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերում տարվող աշխատանքները, պաշտպանության ռազմավարական վերանայումը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նաեւ միջազգային համագործակցության ծրագրերը՝ մասնավորապես նշելով, որ այս փուլում Հայաստանը մասնակցում է երկու միջազգային առաքելությունների՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում։ Վերջերս Աֆղանստանում եռապատկվեց մեր ներկայությունը եւ քանակական, եւ գործառույթների առումով։ Լայնածավալ փորձի փոխանակում է իրականացվում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։
Նշենք, որ «Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ճամբարի անցկացմանն աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։




























