Այս փուլում Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու հարց դրված չէ: Այսօր` հուլիսի 23-ին Բյուրականում` «Բազե» ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստան պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Ժամկետի երկարացումները կատարվում են միայն զորահավաքային քանակական ռեսուրսի տեսակետից։ Վերջին 20 տարիների ընթացքում կուտակվել է շատ մեծ զորահավաքային ներուժ։ Ունենք մեծ թվով երիտասարդներ՝ վախը չափած, կենցաղային դժվար պայմաններին սովոր, որ անցել են խրամատներով, եւ մենք այսօր զորահավաքային խնդիր չունենք։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետն ավելացնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է պաշտպանության փոխնախարարը։

Նշենք, որ «Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ճամբարի անցկացմանն աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների եւ արշավի, ինչպես նաեւ կանցկացնեն հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով լի հարուստ օրեր։  

Ճամբարն անցկացվում է երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնում են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 250 երիտասարդ:

«Բազե» երիտասարդական փառատոնի երկրորդ փուլը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, տեղի կունենա օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, որին կմասնակցեն մոտ 350 երիտասարդներ Երեւանից, ՀՀ մարզերից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից։ «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք գալա համերգով։