Իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիները կազատվեն կալանքից եւ կկարողանան փոխհատուցել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում կռվելով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր կարող են միանալ զավթիչների դեմ պայքարին, պետք է անեն դա։
«Ուստի բարոյական տեսանկյունից ոչ հեշտ, սակայն մեր պաշտպանության տեսանկյունից օգտակար որոշում կայացվեց։ Ռազմական դրության համաձայն՝ մարտական գործողությունների իրական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից։ Եւ կկարողանան փոխհատուցել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում։ Եվս մի քանի մարդկանց վրայից, ովքեր հակաահաբեկչական օպերացիայի մասնակիցներ են, բոլոր պատժամիջոցները հանվում են»,- հայտնել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ կարեւորն այժմ պաշտպանությունն է։
Զելենսկին ասել է, թե «մեզնից յուրաքանչյուրն այժմ մարտիկ է»։
«Երբ ես նախագահ էի ընտրվում, ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է։ Որովհետեւ մենք բոլորս ենք պատասխանատու մեր պետության համար։ Մեր հիասքանչ Ուկրաինայի համար։ Եվ հիմա այնպես է ստացվել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է: Մարտիկ է իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հաղթանակ կտանի։ Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է նա։











