Վիեննայում բանակցությունների ընթացքում պատրաստվել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին համաձայնագրի նախագծի ավելի քան 98 տոկոսը. մնացած չլուծված հարցերը առանցքային թեմաներ են, որոնք կապահովեն Իրանի տնտեսական օգուտները: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ չլուծված հարցերը կապված են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, Թեհրանի համար երաշխիքների եւ Իրանի խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ քաղաքական հավակնությունների քննարկման հետ:

Եթե մյուս կողմերը համաձայնեն, հնարավոր  կլինի անմիջապես պայմանավորվել մնացած մի քանի հարցերի կարգավորման շուրջ, որոնք շատ կարեւոր են, քանի որ դրանք Իրանին թույլ կտան օգտվել ԳՀՀԾ-ի տնտեսական առավելություններից, հավելել Է նա։

Նա հայտնել է, որ Իրանի փոխարտգործնախարար եւ գլխավոր բանակցող Ալի Բաղերին երկուշաբթի ավելի վաղ Վիեննա է ժամանել Թեհրանում կայացած խորհրդակցություններից հետո։

Հաթիբզադեի խոսքով՝ արեւմտյան կողմերն ու ԱՄՆ-ն դեռեւս որոշում չեն կայացրել երեք հարցի վերաբերյալ՝  նշելով, որ Արեւմուտքը հստակ տեղեկացված է եղել Իրանի կարմիր գծերի եւ դիրքորոշման մասին։ Որպես ընթացիկ իրավիճակի համար պատասխանատու կողմ  նա նշել է ԱՄՆ-ին՝ կրկնելով, որ Վաշինգթոնի հնարավոր վերադարձը ԳՀՀԾ-ին պետք է ուղեկցվի պատժամիջոցների վերացմամբ այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել։