Թուրքիան եւ Պակիստանը պատրաստվում են հինգերորդ սերնդի կործանիչ մշակել, որը կփոխարինի ԱՄՆ արտադրության իրենց հնացած F-16-ներին, Asia Times-ում հրապարակված իր հոդվածում գրում է սյունակագիր Գաբրիել Օնրադան:
Թուրքական TF-X կործանիչների ծրագիրը, որի մասին առաջին անգամ հայտարարվեց 2016 թվականին, կլինի թուրք-պակիստանյան համատեղ նախագիծը։ «Նպատակը Թուրքիային եւ Պակիստանին իսլամական աշխարհի աճող տերություններ դարձնելն է՝ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխարեն»,- նշում է հեղինակը։
Թուրքիան այլընտրանքներ է փնտրում իր օդում իր կրակային հզորության արդիականացման համար այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց F-35 կործանիչների գնումը՝ 2019 թվականին ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանն ի պատասխան: TF-X-ը ներկայումս գտնվում է նախագծման փուլում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ TF-X-ը կներկայացվի հաջորդ տարի։ Թուրքիան հինգերորդ սերնդի ինքնաթիռի առաջին թռիչքը կիրականացնի 2025 թվականին, հունվարի սկզբին հայտնել էր Էրդողանը։ Նրա խոսքով՝ անտեսանելի կործանիչը Թուրքիայի ռազմաօդային ուժերը կհամալրի 2029 թվականին։
Այս տարի օպերացիաների մի մասը կտեղափոխվի Պակիստան՝ երկու երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա բարելավմանը նպաստելու համար:
Պակիստանը նաեւ իր սեփական կործանիչի նախագիծն ունի Azm նախագծի շրջանակներում, որի մասին պաշտոնապես հայտարարվեց 2017 թվականին։ Այնուամենայնիվ, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Պակիստանը խնդիրների են բախվում սեփական հինգերորդ սերնդի ինքնաթիռների մշակման հարցում, նշել է հոդվածագիրը:
«Պակիստանին օգտագործելով որպես երրորդ միջնորդ՝ Թուրքիան կարող է փորձել շրջանցել ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն եւ ուղիղ կերպով ներգրավել Չինաստանին՝ բարդ ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար»:





























