Binance կրիպտոարժույթի բորսան արգելափակում է բոլոր այն ռուսաստանցի հաճախորդների հաշիվները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը:
Սակայն այն չի սառեցնի այլ ռուսաստանցիների օգտահաշիվները թվային արժույթի հիմնական հարթակներում ռուս օգտատերերին արգելափակելու վերաբերյալ Ուկրաինայի կոչից հետո։
«Մենք արգելափակում ենք նրանց հաշիվները, ովքեր գտնվում են պատժամիջոցների ցուցակում (եթե նրանք ունեն Binance օգտահաշիվներ) եւ ապահովում ենք բոլոր պատժամիջոցներին լիարժեք համապատասխանությունը», - հայտարարել է ընկերության ներկայացուցիչը՝ հրաժարվելով հայտնել այլ մանրամասներ։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը կիրակի օրը հայտարարել է, որ դիմել է խոշոր կրիպտոբորսաներին եւ կխնդրի արգելափակել այն ռուսաստանցի օգտատերերի թվային դրամապանակների հասցեները, որոնք թույլ են տալիս կրիպտոարժույթով տրանզակցիաներ կատարել։
«Չափազանց կարեւոր է սառեցնել ոչ միայն ռուսաստանցի եւ բելառուս քաղաքական գործիչների հետ կապված հասցեները, այլեւ սաբոտաժի ենթարկել սովորական օգտատերերին», - գրել է նա:
Binance-ի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ «մենք չենք պատրաստվում միակողմանիորեն սառեցնել անմեղ օգտատերերի միլիոնավոր հաշիվներ»: «Կրիպտոարժույթը պետք է մեծ ֆինանսական ազատություն տրամադրեր ամբողջ աշխարհում գտնվող մարդկանց», - նշել է նա:
Աշխարհի խոշորագույն Binance կրիպտոարժույթի բորսան անցյալ ամիս հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Ռուսաստանում եւ հարեւան երկրներում։ Ռուսաստանը Binance-ի հիմնական շուկան է․ նրա ռուսալեզու Telegram-ալիքում կա ավելի քան 113 000 մասնակից:
2019 թ․-ից Binance-ը օգտատերերին թույլ է տալիս Advcash վճարային ընկերության միջոցով ներդնել եւ հանել ռուսական ռուբլիներ։
Advcash-ը, որի շտաբը գտնվում է Բելիզում, Reuters-ին հայտնել է, որ օգտատերերը կկարողանան շարունակել Binance-ում ակնթարթային ավանդներ ներդնել եւ միջոցներ հանել իրենց թվային դրամապանակների միջոցով։ «Մեր հարթակում որոշ օգտատերեր կարող են բախվել սահմանափակումներին, որոնք կապված են որոշակի բանկերի վրա դրված պատժամիջոցների հետ», - հավելել է նա։




























