Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը կասկածի տակ է դրել ԵՄ-ին Ուկրաինայի անհապաղ անդամակցության հնարավորությունը, հայտնում է AP-ն։
«Ես չգիտեմ՝ կարելի է արդյոք դա միանգամից անել: Բայց, անշուշտ, դրա կողմնակիցը կլինեի։ Ես միշտ կողմ եմ եղել մեր հարեւան երկրների համար եվրոպական հեռանկարի արագացմանը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար անհատական պաշտպանական միջոցների, բժշկական սարքավորումների եւ այլ պարագաների ֆինանսավորման Իռլանդիայի որոշումը, որպես ԵՄ ավելի լայն փաթեթի մաս, չի խաթարում Իռլանդիայի վաղեմի ռազմական չեզոքությունը:
Իռլանդիան «կառուցողականորեն ձեռնպահ կմնա» Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ «Մեր ներդրումը չի խաթարում մեր ռազմական չեզոքությունը»,- ասել է Մարտինը: «Մենք քաղաքականապես չեզոք չենք եւ երբեք քաղաքականապես չեզոք չենք եղել ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու իմաստով»:
Նա ողջունել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սկզբնական բանակցությունները՝ նշելով. «Կարծում եմ՝ երկխոսությունը այս խնդրի լուծման միակ ճանապարհն է։ Եվ ես կոչ կանեի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ դադարեցնել բռնությունները։ Հումանիտար կորուստները աճում են։ Արդեն շատ զոհեր կան»։





























