ԵՄ առաջնորդները Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը մարտին կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում կարող են քննարկել, ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ հարցը կարեւոր է Ուկրաինայի համար՝ հակամարտությունը դադարեցնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը:

«Ինչ վերաբերում է (ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի) հայտին, ես կարծում եմ, որ կարեւոր է առաջ չընկնել»,-ասել է պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը: «Ակնհայտ է, որ հայտը դեռ չի ստացվել, բայց Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված այս ամբողջ հարցը շատ է մտահոգում առաջնորդներին»:

Եվրամիության նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի երեկոյան Փարիզում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ բանակցությունների համար:

«Հետեւաբար, ես վստահ եմ, որ քննարկումների ընթացքում այս թեման կբարձրանա։ Եվ, իհարկե, մենք շատ շուտով, մարտի 10-ին եւ 11-ին, կունենանք Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստ, ու կարծում եմ, որ ուկրաինական թեման ինչ-որ պահի կհայտնվի այս քննարկումների ընթացքում»,- ասել է պաշտոնյան։

Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշան երկուշաբթի օրը «լիարժեք աջակցություն» է հայտնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի արագացմանը, իսկ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ասել է, թե պետք է հստակ ազդանշան տրվի, որ Ուկրաինային ԵՄ-ում ողջունում են: