Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ անհապաղ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ այդ միջոցները կհամապատասխանեն Եվրամիության կողմից ձեռնարկված միջոցներին, որի անդամ Շվեյցարիան չի հանդիսանում, հաղորդում է Insider-ը։

Պատժամիջոցների փաթեթն ուղղված է ռուսաստանյան տարբեր ընկերությունների եւ անհատների դեմ եւ ներառում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անձնական ակտիվների սառեցումը։

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ նաեւ կփակի իր օդային տարածքը Ռուսաստանից բոլոր չվերթների եւ «ռուսաստանյան ճանաչման նշաններով բոլոր ինքնաթիռների» համար, կարգելի «Պուտինին մոտ մարդկանց» մուտքը Շվեյցարիա եւ հումանիտար օգնություն կուղարկի Լեհաստան՝ ուկրաինացի փախստականների վերաբնակեցման հարցում օգնություն ցուցաբերելու նպատակով։

«Շվեյցարիան հաստատում է իր համերաշխությունն Ուկրաինայի եւ նրա ժողովրդի հետ», - ասված Է հայտարարության մեջ։