ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել՝ կապված ԱՄՆ-ի եւ նրան միացած երկրների ոչ բարեկամական գործողությունների հետ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրամանագիրը ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական եւ միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ Ռուսաստանի իրավաբանական անձանց դեմ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:

Միջոցները ձեռնարկվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից։

Այն նախատեսում է հետեւյալ միջոցները.

- արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են վաճառել այս տարվա հունվարի 1-ից արտերկրից ստացված արտարժութային փոխանցումների 80 տոկոսը։ Կանոնը վերաբերում է նաեւ արդեն կուտակված միջոցներին՝ դրանք պետք է վաճառվեն երեք օրվա ընթացքում,

- արգելվում են այն արտարժութային գործարքները, որոնք կապված են շահառուների կողմից վարկային պայմանագրերով ոչ շահառուների օգտին արտարժույթի տրամադրման հետ,

- շահառուներն այլեւս չեն կարողանա արտարժույթ փոխանցել արտերկրի բանկերում եւ կազմակերպություններում բացված իրենց հաշիվներին, ինչպես նաեւ գումար փոխանցել առանց արտասահմանյան վճարային ծառայություններ մատուցողների կողմից տրամադրվող էլեկտրոնային վճարային միջոցների օգտագործմամբ բանկային հաշիվ բացելու։