44–օրյա պատերազմում ավագ որդուն՝ 19– ամյա Սամվելին կորցնելուց հետո, Սոնան որոշեց կրկին մայրանալ։ Փետրվարի 22-ին լույս աշխարհ է եկել Սոնայի երրորդ զավակը՝ Մանվելը։
«Իրոք լույս ա, ամեն ինչ փոխվել է, վերցնում ես գիրկդ ու մոռանում ամեն ինչը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Սոնա Մանուկյանը։
Առաջնեկին պատերազմում կորցնելուց հետո հարազատներն են Սոնային համոզել երեխա ունենալ։ Մոր սրտում Սամվելի տեղն, իհարկե, ոչ ոք չի լրացնի, կորստի ցավը չի ամոքի, բայց Մանվելը կյանքը վերաիմաստավորել, ապրելու ուժ է տվել։
Սոնան անցած մեկ տարում «Մարգարյան» ծննդատան բուժանձնակազմի վերահսկողության տակ է եղել. մեկմեկու համար հարազատներ են դարձել։
«Մեկ տարի առաջ Սոնան դիմեց մեր կենտրոն՝ անպտղության պատաճառով։ Շատ էր ցանկանում բալիկ ունենալ, կատարեցինք արտամարմնային բեղմնավորում, փառք աստծո հենց առաջին փորձն ավարտվեց հաջողությամբ, ամսի 22–ին ծնվեց Մանվելը, 3 800 քաշով, 53 սմ հասակով»,- ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի արտամարմնային բեղմնավորման բաժնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Լուսինե Բալայանը։
Սամվել Մանասյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսին։ Ծառայում էր Մատաղիսում, պաշտպանում Թալիշի դիրքերը։ Պատերազմը սկսվելու ժամանակ էլ դիրքերում էր, մոր խոսքով՝ հոկտեմբերի 4–ին նահանջի հրաման էին ստացել, ապա գնացել Մարտակերտ, որտեղ էլ հոկտեմբերի 17–ին ԱԹՍ–ի հարվածից զոհվել էր։
«Նստած տեղը սրտին ա կպել, ընկերը պամում էր, որ ուզում էր բան ասել, բայց չի հասցրել։ Ես հազվադեպ եմ երազներ տեսնում, վերջերս տեսա, որ իբր մենք պառկած ենք, Սամվելս եկավ պառկեց մեր կողքը, ասաց՝ մամ, չես հարցնում՝ ես ո՞ղջ եմ, թե՝ մահացած, հարցրեցի, ասաց՝ ողջ եմ»,- պատմում է Սոնան ու հավելում.
«Սամվելը կայուն, աշխատասեր տղա էր։ Սովորում էր Երեւանի զարդարվեստի պետական ուսումնարանում, զանգում էր, ասում՝ ինձ համար հող առեք, որ ես գամ ինձ համար տուն սարքեմ, ուզում էր ինձ հետ աշխատել, ես ոսկու գործարանում էի աշխատում, ասացի՝ դու արի, որ նոր հողն առնենք»։
Սամվելը չհասցրեց իրականացնել ցանկությունները. Սոնան հույս ունի, որ այն, ինչ չհասցրեցին անել իր ու հազարավոր այլ որդիներ, կանեն Մանվելն ու որդեկորույս մայրերին ապրելու ուժ պարգեւած մյուս փոքրիկները։











