Հայաստանի դատախազությունը հերթական ստուգումներն է անցկացնելու ոստիկանության համակարգում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ դատախազության 2011 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվել է հերթական ստուգումներն իրականացնել Հայաստանի ոստիկանության շտաբի հետաքննության բաժնում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում՝ հանցագործությունների եւ այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման գրանցման եւ լուծման մասին օրենքի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով:

«Ստուգումներն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 7 անձից բաղկացած, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում ըստ մասնագիտական ուղղությունների: Մասնավորապես՝ աշխատանքային խմբում ընդգրկվել են դատախազներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով, պետական շահերի պաշտպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով վարչություններից, իսկ աշխատանքային խմբի ղեկավար նշանակվել է ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը:

Դատախազությունն ամեն տարի իրականացնում է նման ստուգումներ՝ ոստիկանության տարբեր բաժիններում»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ստուգման արդյունքների մասին դատախազությունը ոչինչ չի հաղորդում: