Նորվեգիայի ոստիկանությունը փնտրում է եւս մեկ կասկածյալի, ով կարող էր գնդակահարել Օսլոյի մոտ գտնվող երիտասարդական ճամբարի մասնակիցներին: Ներկա պահին Նորվեգիայի իրավապահ մարմիններն աշխատում են այդ ահաբեկչությունն իրագործող եւ արդեն ձերբակալված անձի հետ:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով նորվեգական Verdens Gang թերթը, զոհերի թիվը հասել է 97-ի: Սկզբում այլ թվեր էին հրապարակում. Ականատեսները պնդում էին որ տեսել են 30 դիակ, իսկ ոստիկանությունը նշում էր 10 զոհի մասին:
Նորվեգական իշխանությունների տվյալներով, երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա կրակ բացած տղամարդը կապ ունի աջ ծայրահեղականների հետ եւ առնչություն չունի իսլամիստների կամ միջազգային ահաբեկչական կառույցների հետ:
Բրիտանական Sky News հեռուստաալիքը` վկայակոչելով նորվեգական աղբյուրները, հայտնել է, որ ահաբեկչության մեջ կասկածվողը Անդերս Բերինգ Բրեյվիկն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայի վարչապետի նստավայրի մոտ հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 7 մարդ է մահացել: Որոշ ժամանակ անց, ոստիկանի հագուստով հանցագործը կրակ է բացել Ոտտյոյնե կղզում սոցիալ-դեմոկրատների երիտասարդական ճամբարում:




























