Կիեւի իշխանությունները, որոնք ծրագրում են միջուկային զենք ձեռք բերել, վտանգավոր խաղ են սկսել եւ սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափման հարցերով համաժողովի նիստում, որն անցկացվել է տեսաուղերձի ձեւաչափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր միջազգային անվտանգության համար ստեղծված վտանգը, որն իրենից ներկայացնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ավելացել է այն բանից հետո, երբ Կիեւի իշխանությունները սկսել են վտանգավոր խաղ խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ»,- նշել է Լավրովը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն չի կարող չարձագանքել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ձեռքբերման իրական վտանգին եւ ձեռնարկում է բոլոր միջոցները՝ դա կանխելու համար։











