Ուկրաինայի ողբերգությունը Կիեւում ձեւավորված հանցավոր ռեժիմի նկատմամբ արեւմտյան հովանավորների թողտվության արդյունքն է, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափմանը նվիրված տեսաուղերձի ձեւաչափով համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի ողբերգությունը 2014 թվականի փետրվարի արյունալի հակասահմանադրական հեղաշրջումից հետո ստեղծված հանցավոր ռեժիմի նկատմամբ արեւմտյան հովանավորների թողտվության հետեւանք է, որն իրականացվեց ներուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրով Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի երաշխիքներին հակառակ»,- ասել է Լավրովը։

ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրավականորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների ձեռքբերումը հիմնարար նշանակություն ունի ՌԴ համար, հայտարարել է արտգործնախարարը։

«Արեւմտյան գործընկերները Ռուսաստանին անվտանգության իրավական պարտավորեցնող երկարաժամկետ երաշխիքներ տրամադրելու  պատրաստակամություն չեն դրսեւորում։ Մեզ համար այս նպատակներին հասնելը սկզբունքային նշանակություն ունի։ Ռուսաստանի Դաշնության համար անընդունելի է, որ մի շարք եվրոպական երկրների տարածքում ամերիկյան միջուկային զենք կա, վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ։ ԵՄ երկրները փորձում են խուսափել դեմ առ դեմ ազնիվ երկխոսությունից՝ ընտրելով պատժամիջոցների ուղին։ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ համաժողովն այնուամենայնիվ կկայանա։ ՌԴ-ն խորապես մտահոգված է ՔԶԱԿ-ում ստեղծված իրավիճակով, որը արեւմտյան քաղաքականության հետեւանք է դարձել»,- ասել է Լավրովը։