Հայաստանն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, եւ դա արվել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այս մասին Ազգային ժողովում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսում, մարտի 1-ին ասել է Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝պատասխանելով հարցին, թե դեռ որքան Հայաստանը չի արտահայտելու իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի մասին։

Խորհրդարանականի խոսքով՝ Երեւանում ուշադիր հետեւում են իրադարձությունների ընթացքին։ «Հայաստանը  խորապես անհանգստացած է ընթացիկ իրավիճակով։ Որպես ժողովուրդ, որն իր վրա է զգացել պատերազմի բոլոր սարսափները, մենք, բնականաբար, մեր կարեկցանքն ենք հայտնում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Հայաստանը խաղաղության եւ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման կողմնակիցն է։ Ներկա գործընթացները, բնականաբար, անհանգստություն են առաջացնում, եւ մեր երկիրը, միջազգային հանրության անդամ լինելով, հենց այն դիրքորոշման կողմնակիցն է, որն ավելի վաղ ես հնչեցրել եմ»,- ասել է Աղաջանյանը։

Ինչպես նշել է պատգամավորը, Երեւանն, այնուամենայնիվ, մտահոգ է Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա այդ գործընթացների ազդեցությունից։ Հայաստանը, Էդուարդ Աղաջանյանի կարծիքով, պետք է պատրաստ լինի այն հետեւանքներին, որոնք կարող են ի հայտ գալ իրադարձությունների այս կամ այն ելքի դեպքում։ «Հայկական կողմի համար ամենացանկալի սցենարը մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է։ Բայց դրանք հարցեր են, որոնց վրա Հայաստանը որեւէ կերպ ազդել չի կարող»,- ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։