Ռուսաստանն անընդունելի է համարում, որ մի շարք եվրոպական երկրների տարածքում ամերիկյան միջուկային զենք կա, վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ-ին, ասել է ՌԴ ԱԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար անընդունելի է, որ, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիմնարար դրույթներին հակառակ, եվրոպական մի շարք երկրների տարածքում Միացյալ Նահանգների միջուկային զենք կա։ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ համատեղ միջուկային առաքելությունների արատավոր պրակտիկան շարունակվում է։ Այդպիսի առաքելությունների շրջանակներում Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառման սցենար է մշակվում,- նշել է նա։- Վաղուց ժամանակն է ամերիկյան միջուկային զենքը տուն վերադարձնել, իսկ Եվրոպայում հարակից ենթակառուցվածքն ամբողջությամբ վերացնել»:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։

«Այս սկզբունքը հաստատված է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների 2021 թ. հունիսի 16-ի եւ Ռուսաստանի եւ Չինաստանի պետությունների ղեկավարների 2021 թ. հունիսի 28-ի համատեղ հայտարարության մեջ։ Կարեւոր է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ ամենաակտիվ մասնակցությամբ հունվարի մշակվել եւ 3-ին ընդունվել է միջուկային հինգ տերությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը միջուկային պատերազմի կանխման եւ սպառազինությունների մրցավազքի կանխման վերաբերյալ»,- հավելել է Լավրովը։