Իտալիան կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը, ասել է վարչապետ Մարիո Դրագին՝ հավելելով, որ նման սցենարը կբարդացնի հաջորդ ձմեռները, հաղորդում է Reuters-ը։

Իտալիայի կառավարությունը նաեւ պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ընտանիքներին եւ ձեռնարկություններին, քանի որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ առեւտրային կապերի հետագա խզումը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման, ասել է Դրագին:

Իտալիան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, որը մատակարարում է նրա ներկրվող գազի ավելի քան 40 տոկոսը։

«Մեր կանխատեսումն այն է, որ մենք կկարողանանք կլանել պահանջարկի ցանկացած գագաթնակետ այն ամենի հաշվին, ինչ ունենք պահեստներում կամ ստանում ենք ներմուծման այլ աղբյուրներից»,- ասել է Դրագին՝ նկատի ունենալով ներկայիս իրավիճակը, երբ գարնանային ավելի մեղմ եղանակը թուլացրել է ճգնաժամը:

Նրա խոսքով՝ Իտալիան նաեւ աշխատում է ավելացնել մատակարարումները այլ երկրներից, ինչպիսիք են Ալժիրը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ընդլայնել հեղուկ բնական գազի տերմինալների օգտագործումը։

Արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ երկուշաբթի կայցելի Ալժիր՝ այդ երկրից գազի մատակարարումները ավելացնելու համար։