Հունգարիան աջակցում է Եվրամիության անդամ երկրների ութ առաջնորդների նախաձեռնությունը, այն է՝ բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շւորջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Reuters-ը։

«Հունգարիան աջակցում է այս նախաձեռնությանը, եւ մենք Բրյուսելին կոչ ենք անում օրակարգ մտցնել այս հարցը»,- ասել է Սիյարտոն՝ նկատի ունենալով մերձբալթյան երեք երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Բուլղարիայի եւ Սլովենիայի նախագահների առաջարկը։

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ութ երկրների նախագահները ԵՄ անդամ երկրներին կոչ են արել անհապաղ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները։ 

«Հունգարիայի ժողովուրդը չէր ցանկանում այս պատերազմը, հունգարացիները խաղաղություն են ուզում, եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնենք խաղաղությունը»,- ասել է Սիյարտոն։

Սիյարտոն համերաշխություն է հայտնել Ուկրաինային՝ ասելով, որ Հունգարիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

Հունգարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայից Հունգարիա է ժամանել 62 736 փախստական։ Նրանց մեծ մասը նախատեսում է տեղափոխվել Արեւմտյան Եվրոպա։