Հունաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին՝ Ուկրաինա նրա ապօրինի ներխուժումից հետո, եւ պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին, խորհրդարանում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Հունաստանը միշտ եղել է պատմության ճիշտ կողմում, եւ այսօր մենք նույնն ենք անում։ Հունաստանի համար երկընտրանքներ չկան, մենք Ուկրաինայի, ազատության եւ ժողովրդավարության կողմն ենք»,- վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ռուսական ներխուժումը արթնացրեց պատերազմի հին մղձավանջները, քանի որ Ռուսաստանը «փորձում է մասնատել Ուկրաինան»:
«Եվրամիությունը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից։ Նա պատասխանել է պատժամիջոցների ամենամեծ փաթեթով, որը երբեւէ կիրառել է։ ԵՄ-ի գործողությունները արթնացնում են համաշխարհային հասարակական կարծիքը, դրանք ժողովրդավարության անտեսանելի ուժն են»,- ասել է նա։
Նրա խոսքով, Եվրամիությունը նաեւ պետք է պաշտպանի երկրներին եւ բիզնեսին էներգիայի գների հետագա աճից: «Մենք չենք կարող բացառել Ռուսաստանի կողմից շանտաժի փորձերը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դա կխաթարի համաշխարհային մատակարարումները եւ, հավանաբար, կհրահրի (էներգիայի) գների հետագա բարձրացում»,- ասել է նա: «Բայց մենք բոլորս համաձայն ենք, որ սա միանգամյա գին է, որը եվրոպացիները կվճարեն մեր մայրցամաքի հիմքում ընկած արժեքները պաշտպանելու համար»:
Հունաստանը սեպտեմբերից ավելի քան 2 մլրդ եվրո է ծախսել տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ ֆերմերների համար էլեկտրաէներգիայի վճարների սուբսիդավորման համար, որպեսզի մեղմի գազի ռեկորդային գների ազդեցությունը: Միցոտակիսն ասել է, որ կառավարության օգնությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել էներգետիկ ճգնաժամը:





























