Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի սահմանելու ՆԱՏՕ-ին ուղղված կոչերը ուկրաինացի լրագրողի հուզական կոչից հետո, գրում է Huffing Post-ը։
Լրագրողը՝ հազիվ զսպելով արցունքները, հայտարարել է, որ Արեւմուտքը վախենում է գործել։
«Ուկրաինայի ժողովուրդը հուսահատորեն խնդրում է պաշտպանել մեր երկինքը, մենք խնդրում ենք ոչ թռիչքային գոտի սահմանել։ Ո՞րն է ոչ թռիչքային գոտու այլընտրանքը: ՆԱՏՕ-ն չի ցանկանում պաշտպանվել, քանի որ վախենում է Երրորդ համաշխարհային պատերազմից, բայց այն արդեն սկսվել է»,- ասել է լրագրողը։
Այնուամենայնիվ, Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման ռիսկի չի դիմի։
«Ես գիտակցում եմ, որ մենք՝ որպես Մեծ Բրիտանիայի կառավարություն, չենք կարող բավարար չափով օգնել ձեզ այնպես, ինչպես դուք եք ցանկանում, եւ ես պետք է ազնիվ լինեմ: Երբ խոսում եք ոչ թռիչքային գոտու մասին, ինչպես ես մի քանի անգամ ասել եմ Վլադիմիր Զելենսկուն, ցավոք, դա ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան կզբաղվի ռուսական ինքնաթիռները խոցելով եւ ուղիղ մարտի դուրս կգա Ռուսաստանի դեմ․․․Սա այն չէ, ինչ մենք կարող ենք անել կամ այն չէ, ինչ մենք նախատեսել էինք: Դրա հետեւանքներն իսկապես դժվար կլինի վերահսկել»,- ասել է Ջոնսոնը։





























