Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։ Kathimerini-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ինքը նաեւ կդադարեցնի Անկարային տրամադրվող ֆինանսական օգնությունը։

«Ինձ չեն տպավորում թուրքական կառավարության սպառնալիքները։ Ես դեմ եմ հանդես գալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, որի գործընթացը միայն կասեցվել է»,- ասել է նա։ «Եվ մինչ միանալը տրամադրվող ներկայիս օգնությունը պետք է կասկածի տակ դրվի: Իմ նախագահության դեպքում Ֆրանսիան իսլամիզմի դեմ պայքարի եւ կանանց իրավունքների պաշտպանության առաջնագծում կլինի»:

Աջ հանրապետականների առաջնորդ Պեկրեսը նաեւ ասել է, որ իրեն «ոգեշնչում է» Հունաստանի միգրացիոն քաղաքականությունը։ «Ներկայումս Հունաստանը համարձակ քաղաքականություն է վարում, որն ինձ ոգեշնչում է՝ Սամոս, Կոս եւ Լերոս կղզիներում կառավարության կողմից բացված ապաստարանային կենտրոնները համատեղում են ներգաղթի վերահսկողությունը եւ մարդկային արժանապատվությունը: Մենք պետք է նման առաջադեմ մեթոդներ ներդնենք Ֆրանսիայում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, նա նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «ամբարտավան եւ միայնակ դիվանագիտություն» վարելու մեջ՝ նշելով, որ «եթե մենք իսկապես դաշնակիցներ ենք, մենք պետք է իրական ձայն ունենանք Ռուսաստանի հանդեպ»։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 10-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնության ձայները չստանա, երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։