SWIFT-ը հայտարարել է, որ սպասում է ռուսական բանկերի ցանկին, որոնք կանջատվեն գլոբալ համակարգից՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հետ, հաղորդում է Reuters-ը։

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան եւ Մեծ Բրիտանիան շաբաթ օրը պայմանավորվել են ռուսական որոշ բանկերի՝ SWIFT-ից բացառելու շուրջ։

«Մենք միշտ կհետեւենք պատժամիջոցների մասին օրենքներին»,- ասվում է SWIFT-ի հայտարարության մեջ: «Մենք համագործակցում ենք այս իշխանությունների հետ՝ հասկանալու համար, թե որ կազմակերպությունների վրա կազդեն այս նոր միջոցները, եւ դրանք կանջատենք, երբ իրավական ցուցումներ ստանանք»:      

Համաշխարհային ֆինանսական համակարգը խզում է կապերը Ռուսաստանի եւ նրա բանկերի հետ, որպեսզի թույլ չտա ռուսական ընկերություններին միջոցներ ներգրավել արտաքին շուկաներում:

Շուկայի աղբյուրները նշում են, որ Bloomberg-ը ռուսական սուվերեն պարտատոմսերը, ինչպես նաեւ ռուսական ВТБ եւ Сбербанк բանկերը պիտակավորել է նախազգուշացնող պիտակով, որի վրա նշված է, որ «պատժամիջոցները վերաբերում են այս արժեթղթին»՝ թեեւ առեւտուրը շարունակվում է: