Արցախը կարող է լինել անկախ, Հայաստանի կազմում, Ռուսաստանի կազմում, բայց չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Սա, նրա խոսքով, պետք է դառնա Հայաստանի բոլոր քաղաքական շարժումների օրակարգը։

«Շատ կարեւոր է Արցախի հարցում դիրքորոշում ձեւավորելը, մեզնից դա են սպասում։ Հայաստանի քաղաքական կյանքում գործընթացների բացակայությունը ի վնաս Արցախի եւ Հայաստանի է։

2018-ից մինչեւ պատերազմ ներքաղաքական օրակարգը միայն քաղաքական խուլիգանություն էր ընդգրկում, իսկ արտաքին քաղաքական օրակարգը՝ ցինիզմ ու տգիտություն։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Այսօր քաղաքական կյանքում ոչինչ չի կատարվում, օրակարգը դատարկ է, որեւէ զարգացում չկա։ 2021թ․ հունիսի 20-ից հետո Հայաստանը հայտնվեց քաղաքական դատարկության մեջ՝ սակրավորի կարգավիճակում։ Թե երբ կպայթի ականի վրա, միայն Աստծուն է հայտնի:

Պետք է ակտիվորեն արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգ ձեւավորել եւ Հայաստանում իշխանության որակը փոխելու խնդիր դնել։ Դրա համար պետք է փոխել իշխանությունը։ Այսօր բոլոր միջոցներն ընդունելի են։ Մենք տեսնում ենք ինչպես են պետությունները պայքարում իրենց անվտանգության եւ ինքնիշխանության համար։ Մենք ներսից նույնպես պետք է պատրաստ լինենք պայքարելու։ Դրա համար նախ անհրաժեշտ է ընդդիմության համախմբում եւ իշխանափոխության օրակարգի ձեւավորում։ Հստակ օրակարգ ունեցող միասնական ընդդիմությունը կստանա հասարակության 30-40 տոկոսի աջակցությունը։ Այնուհետեւ ժամանակավոր կառավարության օրակարգի շուրջ պետք է հավաքել ազգային վերնախավը եւ ձեւավորել ապագայի հայեցակարգ, գնալ ընտրությունների։ Խորհրդարանում ոչ մի պատահական մարդ չպետք է լինի.

Հաջորդ կարեւոր խնդիրը ազգային անվտանգության ռազմավարության մշակումն է, Զինված ուժերում բարեփոխումները։ Արմատապես պետք է վերանայվի արտաքին քաղաքականությունը։ Այն միջազգային նորմերը, որոնք ձեւավորվել են, ասենք, ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ, արդեն չեն գործում։ Արտաքին քաղաքականության մեջ զգալի մասնաբաժին պետք է տրվի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարի համար վերանայել ամբողջ ծավալը՝ փոխըմբռնման, քաղաքական վստահության եւ իրատեսության հիման վրա։ Նույնը վերաբերում է Իրանի, Չինաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններին։

Ինչպե՞ս կարելի է ստեղծված իրավիճակում անհասկանալի լռություն պահպանել։ Ինչո՞ւ այլեւս չեն խոսոում այն մասին, որ հայ-թուրքական գործընթացն ամենակարեւորն է։ Նրանք իրենք են հասկանում, որ այն ապագա չունի։

Այն, ինչ կատարվում է աշխարհում, կունենա լուրջ հետեւանքներ, կարող են նոր հակամարտություններ բռնկվել»,- նշեց Զաքարյանը։