Չինաստանը միշտ խրախուսում է բոլոր դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, եւ ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցությունների սկիզբը, երեքշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, հայտնում է «Սինհուան»։
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հերթական ասուլիսում՝ պատասխանելով երկուշաբթի օրը Բելառուսի Գոմելի մարզում կայացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մասին հարցին։
«Մենք ուշադրություն դարձրինք, որ երկու կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բանակցությունների նոր փուլ անցկացնել»,- ասել է Վենբինը։
Չինաստանը հուսով է, որ երկու կողմերն էլ կշարունակեն երկխոսության եւ բանակցությունների գործընթացն ու կձգտեն քաղաքական լուծման, որը հաշվի կառնի կողմերի անվտանգության ողջամիտ մտահոգությունները, կապահովի ընդհանուր անվտանգությունը Եվրոպայում եւ կնպաստի երկարաժամկետ կարգուկանոնին ու կայունությանը Եվրոպայում, նշել է Վենբինը։





























