Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ապաքինումը կորոնավիրուսից, կարծես թե, լավ է ընթանում, քանի որ նա այսօր, վարակվելուց ինը օր անց, Վինձորի ամրոցում օտարերկրյա դեսպանների երկու վիրտուալ ընդունելություն է անցկացրել, գրում է Daily Mail-ը:

95-ամյա թագուհին իրեն բավական լավ է զգացել Բուքինգհեմյան պալատում գտնվող դիվանագետների հետ զրուցելիս։

Այսօր Եղիսաբեթ II-ն ընդունել է Կառլես Ջորդան Մադերոյին, ով, որպես Անդորրայի դեսպան, իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի թագուհուն:

Նա նաեւ ընդունել է Կեդելլա Յունուս Համիդին, ով այսօր առավոտյան իր հավատարմագրերն է հանձնել թագուհուն՝ որպես Չադի Հանրապետության դեսպան:

Թագուհին նաեւ պետք է հանդիպեր դիվանագիտական կորպուսի հարյուրավոր անդամների հետ, սակայն Բուքինգհեմյան պալատը շաբաթ օրը հայտարարել է, որ նա ընդունել է միջոցառումը հետաձգելու ԱԳ նախարարի խորհուրդը:

Ենթադրվում է, որ որոշումը Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված է կայացվել։

Հայտնի է, որ Եղիսաբեթ II-ը փետրվարի 20-ին կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ստանալուց հետո երկու օրով հետաձգել էր նման վիրտուալ հանդիպումները։

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագուհին «մրսածության մեղմ ախտանիշներ» է ունեցել, սակայն հիվանդության ընթացքում շարունակել է «թեթեւ պարտականություններ» կատարել: