Ռումինիան պետք է իր պաշտպանական ծախսերը հասցնի համախառն ներքին արդյունքի 2,5 տոկոսին՝ ներկայիս 2 տոկոսից, հայտարարել է նախագահ Կլաուս Յոհաննիսը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերի ավելացման որոշումը պահանջում է կառավարության ու խորհրդարանի հավանությունը, սակայն ռազմավարական նպատակը ծախսերի ավելացումն է։
Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան Ուկրաինայի հետ 650 կմ սահման ունի։ Մոտ 90 000 ուկրաինացիներ ներխուժման առաջին հինգ օրվա ընթացքում են հատել Ռումինիայի սահմանը:
«Անվտանգության ոլորտի ներկայիս ճգնաժամը մեզ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է բարձրացնել ռումինական պետության պաշտպանունակությունը»,- ասել է Յոհաննիսը` հավելելով, որ Բուխարեստն իր տարածքում կենտրոն կստեղծի` միջազգային մարդասիրական օգնություն ընդունելու եւ Ուկրաինա փոխադրելու համար:
Ռումինիայում ներկայումս տեղակայված են ՆԱՏՕ-ի ավելի քան 3000 զինծառայողներ, հիմնականում՝ ամերիկացի, բայց նաեւ Ֆրանսիայից ժամանած 500 զինվորականների խումբ, որը կղեկավարի Ռումինիայում ՆԱՏՕ-ի միջբանակային մարտավարական ստորաբաժանումը:





























