44-օրյա պատերազմից հետո միայն Կապանից 1000 մարդ թողել է իր տունը եւ հեռացել։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ ծավալների է հասնում արտագաղթը, որը ծնելիության բացասական դինամիկայի հետ միասին լուրջ մարտահրավեր կդառնա առաջիկա 5-10 տարում։ Պետք է մտածել, թե ինչպես կասեցնել արտագաղթը հատկապես սահմանամերձ բնակավայրերից։ Ես շփվում եմ Սյունիքի բնակիչների հետ։ Մարդիկ, ովքեր նախկինում դժգոհություն էին հայտնում, հիմա չգիտեն ինչ անել եւ ինչպիսին է լինելու ապագան։ Նրանք չեն ցանկանում մասնակցել որեւէ գործընթացի»,- ընդգծեց նա։
Գրիգորյանը նկատեց, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել մի մարդ, ով որեւէ ընդհանուր բան չունի Հայաստանի շահերի հետ, ով մի ստորագրությամբ հանձնել է Սյունիքի ռազմավարական բարձունքները։
Պոպուլիզմին որպես հակադրություն, ըստ նրա, կարող է միայն ազգային կոդը լինել։
«Ընդդիմության համար սա բարդ գործ է, քանի որ բավականին ծանր է համախմբվել այս գաղափարի շուրջը, որովհետեւ իշխանությունները գեղեցիկ խոստումներ են տալիս ժողովրդին, հետեւում «խաղաղության» կեղծ օրակարգին՝ վստահեցնելով, որ ոչ մի խնդիր չկա։ Իսկ երբ դու հետապնդում ես ազգային օրակարգը, խոսքն առաջին հերթին այն մարտահրավերների մասին է, որոնցից փորձում ես պաշտպանել երկիրը։ Բայց իշխանությունները նույնիսկ «Շուշիի հռչակագրի» առումով չեն ցանկանում, որ ժողովուրդն իմանա, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։
Սա բարդ խնդիր է, բայց ընդդիմության իմաստն ու դերը հենց այն է, որ բաց խոսի։ Ազգային օրակարգի ձեւավորման գործում շատ կարեւոր նշանակություն ունի կրթական համակարգը։ Այստեղ նույնպես շատ բացեր կան»,- հավելեց պատգամավորը:





























