ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանության մեջ է մեղադրել՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայտարարելով, որ ռուսական զինված ուժերը «հարձակվում են դպրոցների, հիվանդանոցների եւ բնակելի շենքերի վրա»։

«Նրանք ավերում են կարեւոր ենթակառուցվածքները, որոնք միլիոնավոր մարդկանց ամբողջ Ուկրաինայում ապահովում են խմելու ջրով, գազով եւ էլեկտրականությամբ: Նրանք գնդակոծում են քաղաքացիական ավտոբուսները, մեքենաները եւ նույնիսկ շտապօգնության մեքենաները։ Ռուսաստանը դա անում է ամեն օր՝ ամբողջ Ուկրաինայում»,- հավելել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռուսական «հանցագործությունները ժամ առ ժամ աճում են»։

Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հինգշաբթի օրը նախատեսված հրատապ դեբատները, որտեղ Կիեւը եւ դաշնակիցները խախտումների միջազգային հետաքննության բանաձեւ կներկայացնեն, «կարեւոր քայլ է փաստաթղթավորման եւ պատասխանատվության ապահովման ուղղությամբ»:

«Մենք պետք է ուժեղ եւ միասնական ուղերձ հղենք այն մասին, որ նախագահ (Վլադիմիր) Պուտինը պետք է անվերապահորեն դադարեցնի դա»,- ասել է նա։