Պատերազմը վերադարձել է Եվրոպա, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Նրա խոսքով, սա ճշմարտության պահն է Եվրոպայի համար։ «Սա բախում է օրենքի գերակայության եւ զենքի գերակայության միջեւ, դեմոկրատիաների եւ ավտոկրատիաների միջեւ, կանոնների վրա հիմնված կարգի եւ անթաքույց ագրեսիայի միջեւ: Այն, թե մենք այսօր ինչպես կարձագանքենք նրան, ինչ անում է Ռուսաստանը, կորոշի միջազգային համակարգի ապագան: Ուկրաինայի ճակատագիրը վտանգված է, բայց վտանգված է նաեւ մեր սեփական ճակատագիրը»։
«Լույսի արագությամբ Եվրամիությունը կոշտ պատժամիջոցներ ընդունեց ռուսական ֆինանսական համակարգի, նրա բարձր տեխնոլոգիական ոլորտների եւ նրա կոռումպացված էլիտայի դեմ: Ես քաջ գիտակցում եմ, որ այս պատժամիջոցները թանկ են նստելու նաեւ մեր տնտեսության վրա՝ հատկապես երկու տարի կորոնավիրուսային համավարակից հետո»,- խոստովանել է նա։ «Բայց ես կարծում եմ, որ Եվրոպայի ժողովուրդները հիանալի հասկանում են, որ մենք պետք է դիմադրենք այս դաժան ագրեսիային։ Այո՛, մեր ազատության պաշտպանությունն իր գինն ունի։ Բայց սա որոշիչ պահ է։ Եվ դա այն գինն է, որը մենք պատրաստ ենք վճարել»:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաեւ ուղիղ դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասել է ճամփաբաժանի, քանի որ «Կրեմլի գործողությունները լուրջ վնաս են հասցնում Ռուսաստանի եւ նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին»։ «Ավելի ու ավելի շատ ռուսներ են սա հասկանում: Նրանք գնում են հանուն խաղաղության եւ ազատության։ Իսկ ինչպե՞ս է դրան արձագանքում Կրեմլը։ Նրանցից հազարավորներին ձերբակալելով։ Բայց, ի վերջո, խաղաղության եւ ազատության ձգտումը հնարավոր չէ ճնշել։ Բացի Պուտինի տանկերից, կա մեկ ուրիշ Ռուսաստան։ Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում այս մյուս Ռուսաստանին»։
Նրա խոսքով՝ «նախագահ Զելենսկին եւ ուկրաինացի ժողովուրդը իսկական ոգեշնչում են»։
Նա անդրադարձել է նաեւ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտին եւ «մեր միությանը միանալու նրա ժողովրդի երազանքին»։ Չօգտագործելով «եվրոպական հեռանկար» արտահայտությունը՝ նա ասել է, որ «այսօր ԵՄ-ն եւ Ուկրաինան ավելի մոտ են, քան երբեւէ»։ Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ «Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին։ Եվ մենք պետք է խոսենք հետագա քայլերի մասին։ Բայց ես վստահ եմ՝ ոչ ոք չի կարող կասկածել, որ մարդիկ, ովքեր այդքան համարձակորեն պաշտպանում են մեր եվրոպական արժեքները, պատկանում են մեր եվրոպական ընտանիքին»,- ասել է նա։





























