Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) բոլոր երկրները համաձայնել են 60 մլն բարել նավթ բաց թողնել իրենց ռազմավարական պաշարներից, որպեսզի «նավթի շուկաներին հստակ ազդանշան ուղարկեն» այն մասին, որ Ուկրաինայում հակամարտության հետեւանքով «մատակարարումների դեֆիցիտ չի լինի», հայտնում է Reuters-ը։

ՄԷԳ խորհուրդը որոշումը կայացրել է էներգետիկայի նախարարների արտահերթ նիստում, որը վարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը։ Բացի ԱՄՆ-ից, կազմակերպության մյուս անդամներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Կանադան:

ՄԷԳ-ի անդամներն ունեն 1,5 մլրդ բարել նավթի պահուստային պաշարներ։ Բացթողումը կազմում է պաշարների 4 տոկոսը կամ 30 օրվա ընթացքում օրական մոտ 2 մլն բարել։

Ռուսաստանը հսկայական դեր է խաղում համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ որպես մեծությամբ երրորդ նավթ արդյունահանող երկիր։ Նրա արտահանումը կազմում է օրական 5 մլն բարել հում նավթ, որը կազմում է նավթի համաշխարհային առեւտրի մոտ 12 տոկոսը։ Մոտ 60 տոկոսը գնում է Եվրոպա, եւս 20 տոկոսը՝ Չինաստան։

Որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը նավթի գների կտրուկ աճի ֆոնին, երբ ամերիկյան ստանդարտ նավթը գերազանցել է 100 դոլարը: Ուկրաինայում հակամարտությունը ցնցել է ամբողջ աշխարհի շուկաները եւ ավելացրել տնտեսական աճի մտավախությունները՝ հաշվի առնելով աճող ինֆլյացիան եւ կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքները բարձրացնելու պլանները:

Պատմության մեջ սա միայն չորրորդ դեպքն է, երբ ՄԷԳ-ը պաշարների համակարգված կրճատում է իրականացնում՝ 1974թ․ արաբական նավթի էմբարգոյից հետո պաշարների կուտակումից ի վեր:

Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, համագործակցելով էներգակիրներ ներկրող այլ երկրների հետ, հայտարարել էր 50 մլն բարել նավթի համակարգված թողարկման մասին, սակայն այդ քայլը միայն անցողիկ ազդեցություն էր ունեցել նավթի գների վրա, որոնք շարունակում են աճել։