Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին բանաձեւը։
ՈՒՆԻԱՆ-ը տեղեկացնում է, որ համապատասխան բանաձեւի քվեարկության արդյունքները հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան։ Մասնավորապես, «կողմ» է քվեարկել 637, «դեմ»՝ 13, «ձեռնպահ»՝ 26 պատգամավոր։
Այժմ բանաձեւը կփոխանցվի Եվրոպական միության համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող ինստիտուտներին եւ բոլոր անդամ երկրներին։
Բանաձեւը դատապարտում է «Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված եւ չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչպես նաեւ Բելառուսի մասնակցությունը այդ ագրեսիային»: Այն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայում, անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական եւ կիսառազմական կազմավորումները եւ ռազմական տեխնիկան միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի ողջ տարածքից»:
Միաժամանակ Եվրախորհրդարանը բանաձեւով Ռուսաստանին եւ Ուկրաինային առաջարկել է շարունակել դիվանագիտական ջանքերը, ինչպես նաեւ կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ երկխոսության ու դիվանագիտության ուղի։
.





























