Եվրոպական միության երկրները դիտարկում են եվրոպական նավահանգիստներ ռուսական նավերի մուտքն արգելելու հնարավորությունը՝ օդային հաղորդակցության դադարեցումից հետո ծովային սահմանափակումները խստացնելու նպատակով, ինչը ավելի կխոչընդոտի Ռուսաստանի առեւտրային երթեւեկությանը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Մեծ Բրիտանիան արդեն որոշում է ընդունել արգելել մուտքը բրիտանական նավահանգիստներ բոլոր նավերին, որոնք պատկանում են ՌԴ-ին, շահագործվում, վերահսկվում կամ վարձակալված են ՌԴ-ի կողմից, գրանցված են ՌԴ-ում կամ նավարկում են ռուսական դրոշի ներքո։
Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կիրակի օրը քննարկել են եվրոպական նավահանգիստները ռուսական նավերի համար փակելու հարցը:
«Մենք արդեն որոշել ենք փակել Դանիայի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Միեւնույն ժամանակ, մենք բաց ենք մեր եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ նոր նախաձեռնությունների քննարկման համար»։
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ ԵՄ-ն աշխատում է նոր պատժամիջոցների սահմանման եւ, հնարավոր է, նավահանգիստները ռուսական նավերի համար փակելու ուղղությամբ, բայց հավելել է, որ ցանկացած լրացուցիչ քայլ պետք է ազդի Ռուսաստանի վրա «շատ ավելի մեծ չափով, քան մեր սեփական տնտեսության վրա»:
Հունաստանի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Աթենքը «կկիրառի այն որոշումը, որը Եվրահանձնաժողովը կընդունի այս հարցում»:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ այս պահին նման արգելք չի գործում։ «Բայց մենք շարունակում ենք աշխատել հետագա պատժամիջոցների վրա, որոնք կհայտարարվեն ժամանակին»:
Երեքշաբթի Եվրախորհրդարանը կքվեարկի պարտադիր ուժ չունեցող բանաձեւի համար, որը կոչ է անում փակել ԵՄ նավահանգիստները ռուսական նավերի կամ Ռուսաստանից ժամանող ու Ռուսաստան մեկնող նավերի համար, բացառությամբ «անհրաժեշտ հիմնավորված մարդասիրական պատճառներ ունեցողների»:




























