Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վրացական ընդդիմությունը մի շարք քաղաքական պահանջներ է ներկայացրել երկրի իշխանություններին, որոնցից գլխավորը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն է, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Պայմանները հայտարարվել են Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ, որին միացել են հազարավոր մարդիկ, ովքեր անընդունելի են համարում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։

«Առաջին հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հեռանա… Երկրորդ՝ մենք պետք է անցնենք կոնկրետ եւ արդյունավետ քայլերի, որպեսզի օգնենք Ուկրաինային… Մեր երրորդ պահանջն այն է, որ նրանց հեռանալուց անմիջապես հետո Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի»,- հանրահավաքում ասել է «Դրոա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Էլենե Խոշտարիան։

Նա ընդգծել է, որ այս պահանջները համաձայնեցվել են «բոլոր հասարակական խմբերի եւ բոլոր կուսակցությունների հետ», եւ իրենք միասին ձգտելու են հասնել դրանց իրականացմանը։

Խոշտարիայի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները վարչապետ Ղարիբաշվիլիի հասցեին սկսել են վանկարկել «Հեռացիր»։

Ակցիան այս պահին շարունակվում է։ Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է։

Փետրվարի 24-ից Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում Ուկրաինային աջակցության ակցիաներ են ընթանում, սակայն մինչ այժմ դրանք երբեք քաղաքական չեն եղել։ Այսօրվա հանրահավաքին առաջին անգամ ընդդիմության առաջնորդները բեմ են բարձրացել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է Վրաստանից դեսպանին հետ կանչելու մասին։ Որպես պատճառ նա նշել է Ուկրաինային օգնել ցանկացող կամավորների համար խոչընդոտների ստեղծումը եւ Վրաստանի կառավարության դիրքորոշումը, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Իշխող «Վրացական երազանք»-ն այս որոշումը որակել է «չհիմնավորված եւ շատ տխուր»՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։