Նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն անձամբ է ասել, որ ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն «ոչ թռիչքային գոտի» չեն սահմանի Ուկրաինայի վրա։

Reuters-ին եւ CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը կրկնել է իր խնդրանքը, որ ՆԱՏՕ-ի երկրները «ոչ թռիչքային գոտի» սահմանեն, որը դաշինքին թույլ կտա վերահսկել Ուկրաինայի երկինքը եւ Ռուսաստանին հնարավորություն չի տա օգտագործել իր գերազանցող ավիացիան Ուկրաինայի դեմ: Զելենսկին նաեւ խնդրել է ՆԱՏՕ-ին արագացնել Ուկրաինային դաշինքում ընդգրկելու հայտի ներկայացումը։

«Մեր գործընկերները, եթե պատրաստ չեն Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ում․․․ քանի որ Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում լինի, նրանք պետք է Ուկրաինայի անվտանգության ընդհանուր երաշխիքներ մշակեն»,- ասել է Զելենսկին։

Սակայն Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներ բազմիցս բացառել են «ոչ թռիչքային գոտու» սահմանումը, որը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից կպահանջի վերահսկել օդային տարածքը եւ կալանել խախտողներին ու նույնիսկ ոչնչացնել նրանց, եթե չնահանջեն: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ ասել է, որ դա հավասարազոր կլինի միջուկային զենքի հսկայական զինանոց ունեցող Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։