Ազգային ժողովում այսօր՝ մարտի 2-ին, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը:
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը: Ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։
ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Խաչատուրյանին, նշեց, որ աշխատանքի բերումով նա մասնակից է եղել երկրի կայացման բազմաթիվ ծրագրերին։
«Վահագն Խաչատուրյանն ամուսնացած է, կինը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է և 1998-ից աշխատում է առողջապահության նախարարության համակարգում։ Խաչատուրյանն ունի 2 զավակ և 2 թոռ»,–ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով` Խաչատուրյանն իր կենսագրությամբ և անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Կոնջորյանը հայտնեց` ՔՊ–ն միաձայն ընտրելու է Խաչատուրյանին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի այդքան թվով պատգամավոր: Ամենայն հվանականությամբ, ՀՀ նախագահ հնարավոր կլինի ընտրել երկրորդ փուլում, երբ անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը (65 ձայն):





























