Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ես լինեմ միայն իրենց նախագահը։ Վստահ եղեք, ես էլ դա չեմ ուզում։ Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում հանրապետության նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ 

Թեկնածուի խոսքով՝ Սահմանադրությամբ ինքը պարտավոր է լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը։ «Ես պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների նախագահը եւ նույնիսկ ավելին։ Ի վերջո, երբ խոսում ենք համազգային նախագահի մասին, նկատի ունենք համազգային խնդիրները լուծելու ինստիտուտը։ Ես պատրաստ եմ հենց այդպիսին լինել եւ հանդես գալ այդ դերում»,- վստահեցրեց Խաչատրյանը։ 

Նախարարի խոսքով՝ իր թեկնածությունն ընտրվել է՝ հաշվի առնելով հենց այդ հանգամանքը։ Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ նախագահը չի կարողանա լուծել երկրի առջեւ ծառացած բոլոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրները, եթե չբարելավվի փոխգործակցությունը խորհրդարանի, կառավարության, հասարակության եւ քաղաքացիական հատվածի հետ։