Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը կարող է ՀՀ նախկին նախագահներին առաջարկել մի սեղանի շուրջ հավաքվել, եւ դա ճիշտ է։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ նրանցից յուրաքանչյուրը եղել է երկրի ղեկավարը, եւ բոլորն էլ ունեցել են ձեռքբերումներ եւ սխալներ։ Միաժամանակ նա նշեց, որ չի կարծում, թե նախկին նախագահները կերկխոսեն միմյանց հետ։ «Յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր ժամանակ է ճիշտ քաղաքականություն վարվել։ Ցանկալի է նրանց առանձին լսել եւ հասկանալ, թե երկրի համար օգտակար ինչ մտքեր կարող են արտահայտել»,- հավելեց Սուքիասյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ Խաչատրյանն անկուսակցական է եւ ունի լավ կենսագրություն։ «Հայաստանի հիմքերը պետք է ամուր լինեն, անհատականությունները երկրորդական են»,- եզրափակեց նա։











