Չինաստանը չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, հայտարարել է երկրի բանկային կարգավորիչը։
«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, մենք դրանց հավանություն չենք տալիս, հատկապես՝ միակողմանի պատժամիջոցներին, քանի որ դրանք լավ չեն աշխատում եւ իրավական հիմքեր չունեն»,- ասել է Չինաստանի բանկային եւ ապահովագրական կարգավորող հանձնաժողովի նախագահ Գո Շուցինը: «Մենք չենք մասնակցի այդպիսի պատժամիջոցներին։ Մենք կշարունակենք նորմալ տնտեսական եւ առեւտրային փոխանակումներ պահպանել համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների ազդեցությունը չինական տնտեսության եւ ֆինանսական հատվածի վրա դեռ զգալի չէ։ «Ընդհանուր առմամբ, դրանք մեծ ազդեցություն չեն ունենա (Չինաստանի վրա)՝ նույնիսկ ապագայում»,- ասել է նա՝ ընդգծելով չինական տնտեսության եւ ֆինանսական հատվածի ճկունությունը:




























