Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը շատ ավելի մեծ կշիռ ունի, որը թույլ է տալիս նրան մատնանշել իշխանության սխալները։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ Խաչատրյանը շատ կամային ու զգուշավոր անձնավորություն է, երբեւէ կոռուպցիայի մեջ չի եղել։ Նա վստահեցրեց, որ հարգում է ՀՀ առաջին նախագահին, սակայն վատ մոտեցում անվանեց այն, որ մարդը՝ դուրս գալով համակարգից, 20 տարի անց չի կարող կրկին օգտակար լինել պետությանը։ «Սեւերի ու սպիտակների» գաղափարը շատ վատ բան է»,- ընդգծեց Սուքիասյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքը խմբակցության վարչության անդամ չէ, որտեղ քննարկվում էր Խաչատրյանի թեկնածությունը։ Հայտնելով, որ քվեարկել է նրա օգտին՝ Սուքիասյանը դժգոհություն հայտնեց նախագահի ինստիտուտի նկատմամբ ընդդիմության վերաբերմունքից։ «Նախագահի ընտրության օրը պետք է առանձնահատուկ լինի ցանկացած պատգամավորի համար։ Վաղը այս լուսանկարները կտեսնեն մեր սերունդները»,- ասաց նա։
Նա նաեւ շատ վատ դրսեւորում անվանեց ընդդիմության բոյկոտը. «Չեմ կարծում, որ սա կուսակցական համակարգի զարգացվածության ցուցանիշ է»։











