Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին Պակիստանի Ռավալպինդի քաղաքում բանակցություններ է վարել պակիստանյան բանակի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի հետ, հայտնում է Mehr-ը։
Կողմերը քննարկել են Իրանի եւ Պակիստանի միջեւ երկկողմ համագործակցության հետ կապված վերջին իրադարձությունները, հատկապես երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների զարգացումը։
Վահեդին ընդգծել է Իրանի եւ Պակիստանի՝ որպես տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի երկու ազդեցիկ երկրների միջեւ պաշտպանական եւ ռազմական համագործակցության ամրապնդման կարեւորությունը։
Հանդիպումից հետո Իրանի ռազմական պատվիրակությունը մեկնել է Նովշերա քաղաք՝ Ռիսալփուրի սպայական ակադեմիա այցելելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերը մասնակցում են Պակիստանի ռազմաօդային ուժերի սպաների քոլեջի հետ ուսանողների փոխանակման ծրագրերին, եւ մի քանի իրանցի ուսանողներ այժմ սովորում են Ռիսալփուրի սպայական ակադեմիայում:





























