Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցյալ շաբաթ աշխարհում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նվազել է 16 տոկոսով, ինչը վկայում է COVID-19-ով վարակվածների թվի ամսական անկման մասին։
Համավարակի մասին իր շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն հայտնել է, որ մահացության անցյալ շաբաթ գրանցված անկումը հասել է 10 տոկոսի։
Կազմակերպությունը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 10 մլն եւ մահվան մոտ 60 000 դեպք:
Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածը միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-19-ով վարակման դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է մոտ մեկ երրորդով: Մահացությունն այստեղ աճել է 22 տոկոսով, Մերձավոր Արեւելքում՝ մոտ 4 տոկոսով, մինչդեռ մնացած բոլոր երկրներում այն նվազել է:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ «օմիկրոն» տարբերակը ամբողջ աշխարհում գերիշխող է մնում: Մյուս՝ «բետա», «գամմա», «լամբդա» կամ «մյու» մտահոգիչ տարբերակներից ոչ մեկը վերջին ամսվա ընթացքում չի գրանցվել, թեեւ, ըստ կազմակերպության, շատ երկրներում համաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրներ կան:





























