Հոլանդական խոշորագույն ING Groep NV բանկը հայտարարել է, որ ռուսական ընկերությունների հետ նոր գործեր չի վարի, հայտնում է Reuters-ը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ուկրաինա ներխուժումը, մարդկանց կյանքի համար քայքայող ու սրտաճմլիկ հետեւանքները եւ այն սպառնալիքը, որը այն ներկայացնում է միջազգային կայունության ու անվտանգության համար»,- հայտարարել է ING Group-ի գլխավոր տնօրեն Սթիվեն վան Ռեյսվեյքը:
ING-ը Ռուսաստանում եւ Ուկրաինայում ունի մեծածախ բանկային սպասարկման գրասենյակներ, որոնք համապատասխանաբար 400 եւ 110 աշխատող ունեն:
Բանկը հայտարարել է, որ երկու երկրների աշխատակիցների հետ էլ սերտ կապերի մեջ է:
ING-ի 600 մլրդ եվրո վարկային պորտֆելից մոտ 4,5 մլրդ եվրոն մարված չէ ռուս հաճախորդների, իսկ 600 մլն եվրոն՝ ուկրաինացի հաճախորդների կողմից:
Բանկը հայտարարել է, որ բացի ռուսական ընկերությունների հետ նոր բիզնեսը դադարեցնելուց, կվերացնի Ուկրաինայի հետ մանրածախ գործարքների համար փոխանցումների միջնորդավճարները:




























